Նստացույց հայտարարած ազատամարտիկների թիվն Ազատության հրապարակում արդեն հասել է ավելի քան երկու տասնյակի (լուսանկարներ)

15:23 • 12.05.13

Երեկվանից նստացույց հայտարարած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին աջակցող ազատամարտիկների թիվն այսօր Ազատության հրապարակում արդեն հասել է ավելի քան երկու տասնյակի:


Ազատամարտիկները զուգահեռ ստորագրահավաք են անցկացնում, որ երկուշաբթի օրը դիմումի հետ միասին ներկայացնեն Կառավարությանը՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները և զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը:

 

«Այդ գումարները չեն բավարարում, որ ազատամարտիկներն իրենց ընտանիքները պահեն, ապրեն, դրա համար հավաքվել ենք, մեր ակցիան կատարում եք, որ Կառավարությունը, պետությունը մեր մասին իմանան, որից հետո վաղը մինչև ժամի 13:00-ը հանձնելու ենք նամակն ու սպասենք պատասխանին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը, հավելելով, որ պատասխանից հետո արդեն համապատասխան քայլեր կձեռնարկեն:

 

Գնդապետի հետ Ազատության հրապարակում ազատամարտիկների շարքերում էր նաև Էրեբունի շրջանի «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Ռուբիկ Իսրայելյանը, ով խնդրեց իր անվան կողքը՝ փակագծերում ավելացնել «Իսո», որովհետև իրեն բոլորն այդպես գիտեն:

 

«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարը համաձայն է, որ ազատամարտիկների այս քայլը ապտակ է պետությանը, բայց նշում է, որ մինչ նման ծայրահեղ քայլին դիմելը այլ ճանապարհներով իրենք շատ են փորձել հարցին լուծում տալ, սակայն ոչինչ չի ստացվել:

 

«Շատ-շատ ենք փորձել՝ արդյունք չկա: Մինչև 1994թ-ը ինչ-որ ազգին պետք ա եղել՝ արյան գնով արել ենք: Տիգրան Մեծից հետո առաջին հաղթած սերունդն ենք, որ այսօր փառքի մեջ պետք է ապրեինք, բայց «բոմժի» կարգավիճակով ենք ապրում: Սրա վերջը մենք ո՞ւր ենք հասնելու, մինչև ո՞ւր: Ամեն օր խոսում ենք ցեղասպանությունից, իսկ էսի ի՞ն ա, էսի առանց արյուն ցեղասպանություն չի՞»,-հարցադրում արեց ազատամարտիկը:


Նա նշեց, որ այդ վիճակում հայտնվելու համար իրենց մեղքն էլ կա: «Մեր մեղքն էլ կա, իհարկե, որ ամեն լամուկի թույլ տվեցինք եկավ ստեղ ու գլուխ բարձրացրեց: Հերիք ա, հոգնել ենք, «նադայել» ենք եղել»,-ավելացրեց նա:

 

Ռուբիկ Իսրայելյանը նշեց, թե ամեն միջոցի դիմել են, որպեսզի հանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն ապարդյուն: «Գնաց Պաշտպանության նախարարություն, եկանք այդտեղ, եկավ վարչապետ, գնաց պրիզիդենտական, ոնց ֆռում ենք՝ չենք կարում հանդիպենք, դեմ-երես նստենք-խոսենք՝ տեսնենք մեր վերջն ի՞նչ ա լինելու»,- հուսահատ վրա բերեց ազատամարտիկը: