Հմայակ Հովհաննիսյանը ԱՄՆ և ՌԴ հայ պաշտոնյաների՝ «Մագնիտսկու» հնարավոր ցուցակների մասին
Եթե ոչ, այսպես կոչված, Մագնիտսկու ցուցակ, ապա ցուցակի նախագիծ՝ հայ պաշտոնյաների համար ամերիկյան իշխանություններն ունեն, և մի մարդ էլ հաստատ դրանում ընդգրկված է, Tert.am-ին ասաց «Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Մի մարդ հաստատ էդ ցուցակում ընդգրկված է, գիտեք, Վարդան Այվազյանը, որովհետև նրա դեմ ԱՄՆ-ում քրեական գործ է հարուցված»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանն ի պատասխան հարցի, թե ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը երեկ խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանի որոշ պաշտոնյաների մուտքը ԱՄՆ արգելված է կամ ցանկալի չէ:
Այս մասին հաղորդել էր «Ա1+»-ը:
Ինչ վերաբերում է հարցին, թե կլինի՞, թե ոչ, ապա «Հայաստանի քաղաքագետների միության» նախագահն ասաց. «Այն, որ ԱՄՆ-ը նման ցուցակի նախագիծ ուներ, կասկածից վեր է: Բայց երբ, այսպես ասած, ընթացք կտան էդ ցուցակին, դա այլ հարց է»:
«Հայաստանի քաղաքագետների միության» նախագահից փորձեցինք պարզել Ռուսաստանում նման ցուցակի կամ «ցուցակի նախագծի» առկայության մասին :
Ի պատասխան, Հմայակ Հովհաննիսյանը հիշատակեց Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունից հետո սկսված հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ՌԴ-ում հարուցված տարբեր քրեական գործերը:
«Նույն Լուժկովի շուրջ ստեղծված կոռուպցիոն շրջանակն իր ճյուղավորումներն ուներ Հայաստանում, և այդ շինարարական բումը, որը նաև բնութագրում էր տնտեսական զարգացումը զրոյական թվականներին, այդ թվականներից ի վեր ընդհուպ մինչև էս վերջին ճգնաժամը, այդ շինարարարական բիզնեսը հիմնականում լուժկովյան ճյուղավորումների միջոցով էր իրականացվում: Եվ հաշվի առնելով այդ, կարող եմ ասել, որ արձագանքները կամ դրսևորումները բավականին լուրջ են»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:










