Ֆրանկֆուրտում հարյուրավոր ցուցարարներ շրջապատել են Եվրոպական Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մարդիկ հավաքվել են Եվրոպական Կենտրոնական բանկի առջև` արտահայտելու իրենց բողոքը միջազգային վարկատուների «եռյակի» գործունեության դեմ, որոնք են Եվրոպական Հանձնաժողովը, Եվրոպական Կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Եվրոպական Կենտրոնական բանկի մուտքը փակել են Blockupy շարժման մասնակիցները: Ոստիկանության տվյալներով մոտ 2.5 հազար ցուցարարներ ցույցին մասնակցում են «Մարդիկ եկամտից ավելի կարևոր են» կարգախոսը պատկերող պաստառներով:
The Guardian պարբերականի հաղորդմամբ, Եվրոպական Կենտրոնական բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ ցույցը չի խոչընդոտել բանկի աշխատանքին: Ոստիկանությունը փողոց է դուրս բերել ծառայողական շներին և զրահապատ մեքենաներ է տեղակայել բանկի շենքի դիմաց: Ոստիկանները դեռևս տեղեկություն չեն հաղորդում ձերբակալվածների մասին:










