Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում և Անկարայում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 31-ին, Անկարայում բախում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև, ովքեր հավաքվել էին՝ բողոքելու Ստամբուլի Թաքսիմ թաղամասում գտնվող Գեզի անտառը հատելու դեմ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Անկարգությունները ճնշելու համար, ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Ցուցարարները հավաքվել էին Անկարայում՝ աջակցելու այսօր առավոտյան Ստամբուլում հավաքված ցուցարարներին, որոնց հանդեպ դարձյալ արցունքաբեր գազ էր կիրառվել: Ստամբուլում բախման հետևանքով տասնյակից ավել մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ հարյուրավորների մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, հաղորդում է Russia Today-ը:
Ցույցին մասնակցում էին երիտասարդական շարժումների, հասարակական կազմակերպությունների մասնակիցներ, ընդդիմության ներկայացուցիչներ:
Ոստիկանության տվյալներով, 63 մարդ է ձերբակալվել Ստամբուլում: Ցույցերի պատճառ էր հանդիսացել Ստամբուլի քաղաքային իշխանությունների որոշումը Գեզի անտառի տարածքում թունել փորելու և ավտոճանապարհային երթևեկության նոր ենթակառուցվածքներ ստեղծելու մասին:










