Իտալիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Բեռլուսկոնիի մտերիմներին՝ մարմնավաճառության կազմակերպման համար
Միլանի դատախազությունը պահանջել է 7 տարվա ազատազրկման դատապարտել նախկին հաղորդավար Էմիլիո Ֆեդեին, ձեռներեց Լելե Մորային և «Ազատ ժողովուրդ» կուսակցության նախկին խորհրդական Նիկոլ Մինետիին, ովքեր մեղադրվում են մարմնավաճառության կազմակերպման համար: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Վերոնշյալ անձինք Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնիի մտերիմներն են և վերջինիս հանձնարարությամբ կասկածելի բնույթի երեկույթներ են կազմակերպել նրա ամառանոցում: Այժմ ընթանում է նրանց դեմ ուղղված գործի քննությունը, որի համաձայն՝ նրանց կազմակերպմամբ այդ խնջույքներին մասնակցել են անչափահաս մարմնավաճառներ, որոնց թվում եղել է նաև Ռուբի անունով հայտնի մարոկացի պարուհին:
Դատախազության տվյալներով՝ նրանք Բեռլուսկոնիի կազմակերպած երեկույթների համար աղջիկների են հավաքագրել, այնուհետև իրականացրել են նաև նրանց ծառայությունների դիմաց վարձավճարի փոխանցումը:
Դատավճիռը կկայացվի հունիսի 12-ին, իսկ Բեռլուսկոնիի գործի ավարտը նշանակված է հունիսի 24-ին:










