Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է. մայրաքաղաքում անվճար կարուսելներ և այլ անակնկալներ կլինեն

08:54 • 01.06.13

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925թ.-ին` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:


Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը 1949թ., ինչին ՄԱԿ-ը հավանություն տալով՝ հայտարարել է, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկն է:


Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950թ.-ին։


Այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն երեխաների համար: Երևանի քաղաքապետարանն արդեն ներկայացրել է միջոցառումների ցանկը։

 

Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար կլինի անվճար: Այստեղ նրանց սպասվում է զվարճալի ծրագիր ու միջոցառումներ, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին՝ հատուկ մրցանակներ:


«Հաղթանակ» զբոսայգում ժամը 10:00-13:00-ն մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից և ատրակցիոններից:


Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական համույթներ, այնուհետև՝ հայկական էստրադայի ներկայացուցիչներ: Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:


Ազատության հրապարակը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:

 

Հյուսիսային պողոտայում ժամը 11։00-ից ﬕնչև 23։00-ն non-stop կնվագեն Հայաստանի լավագույն DJ-ները: Մարաթոնի ծրագիրը ներառում է նաև ներկայում մոռացված խաղեր, որոնցով տարված էր ավագ սերունդը, մանկական հագուստի ցուցադրություն և «street dance» պարային շոու:


Ի դեպ, քաղցրավենիք և ըմպելիք արտադրող ընկերությունները Կենդանաբանական այգում, «Հաղթանակ» զբոսայգում, Ազատության հրապարակում և մայրաքաղաքի տարբեր այլ հատվածներում ևս անակնկալներ են պատրաստել։

 

Երևանի կենդանաբանական այգում կկազմակեպվի համահայկական մանկական նկարչական օր, որին կարող են մասնակցել այգի այցելող բոլոր երեխաները: Թեև օրենքով մինչև 18 տարեկաններն են համարվում երեխաներ, վաղը մինչև 16 տարեկան երեխաների համար կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար:


Մոսկովյան պուրակում կկազմակերպվի համերգ և ցուցահանդես-վաճառք: Կցուցադրվեն արյան հիվանդություններով երեխաների ձեռքի աշխատանքները:


Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ինքը ևս անմասն չէ տոնակատարություններից. տոնական միջոցառումներ են անցկացվելու բոլոր վարչական շրջաններում: