Ցեղասպանությունների և Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացել Հունաստանի խորհրդարան (լրացված)
Հունաստանի խորհրդարան է ներկայացվել մի օրինագիծ, որը քրեական պատասախանատվություն է նախատեսում ցեղասպանությունները, Հոլոքոստը ժխտելու, ինչպես նաև օտարատյացություն, ռասիզմ հրահրելու ու քարոզելու համար:
Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, նախագիծն օրենսդրին ներկայացրել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի գլխավորած «Նոր ժողովրդավարություն» կուսակցույունը:
«Օրինագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսում Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների, Հոլոքոստի, ինչպես նաև Նացիստական Գերմանիայի կողմից իրականցված հանցագործությունների (որոնք ճանաչվել են միջազգային կամ հունական դատարանների կողմից) փաստերը խեղաթյուրելու, հերքելու կամ դրանք պաշտպանելու համար»,-նշում է գործակալությունը:
Բոլոր նրանք, ովքեր «բանավոր, գրավոր, մամուլի, համացանցի միջոցով կամ ցանկացած այլ ձևով կհերքեն և կխեղաթյուրեն մարդկության դեմ կատարված հանցագործությունների փաստերը», ըստ օրինագծի, կպատժվեն 3 ամսից մինչև 3 տարվա ազատազրկմամբ և 5-ից 20 հազ. եվրո տուգանքով:
Փաստաթուղթը նաև պատիժ է նախատեսում նրանց համար, ովքեր որևէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ կքարոզեն, կհրահրեն ատելություն, խտրականություն կամ բռնություն՝ ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ծագման կամ ազգային կամ էթնիկական ծագման հիման վրա:
Հավելենք, որ Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը (1916–23 թթ., իրականցվել է Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կողմից, զոհվել է 353 հազ. մարդ, 1 մլն 400 հազարը՝ տեղահանվել), Հայոց ցեղասպանությունը (1915–23թթ., իրականցվել է Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կողմից, զոհվել է 1,5 մլն մարդ), ինչպես նաև Հոլոքոստը (թարգմանաբար՝ ողջակիզում, Երկրորդ աշխարհամարտի (1939-45 թթ.) տարիներին ֆաշիստական Գերմանիայի իրագործած հրեաների, սլավոնների և գնչուների ցեղասպանությունն է: Գերմանիայում և զավթված երկրներում գտնվող համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվել են շուրջ 6 մլն հրեա, հարյուրհազարավոր սլավոններ, գնչուներ և էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներ):










