ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը չներկայացավ դատարան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստին ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ ապահովելու գործով տուժող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ներկայությունը դատական նիստերին: Դատարանը մասնակի բավարարելով միջնորդությունը՝ Պարույր Հայրիկյանին հրավիրել էր հաջորդ դատական նիստին:
Սակայն Պարույր Հայրիկյանն այսօր չներկայացավ դատարան: Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց «Կարմիր Խաչ» վերականգնողական կենտրոնի տրամադրած տեղեկանքը, ըստ որի՝ մայիսի 17-ից Պարույր Հայրիկյանը բուժվում է տվյալ հաստատությունում։ Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ բոլոր վկաների ցուցմունքներից հետո, Պարույր Հայրիկյանը, եթե ի վիճակի լինի կներկայանա դատարան:
Հիշեցնենք նաև, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Տպագրիչների փողոցում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել: Սպանություն կազմակերպելու մեջ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:
Նշենք, որ գործով մեղադրվող Վարդան Սեդրակյանը կալանավորվել է մարտի 5-ին` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի առնչությամբ (ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով՝ նախատեսված հանցագործություն կատարելը)։
Նշենք նաև, որ ապրիլի 16-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ ՔՕ 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։










