Իրաքում հակամարտությունը նոր թափ է հավաքում. մայիսին զոհերի թիվը անցել է 1000-ը. ՄԱԿ

18:45 • 01.06.13

Վերջին հինգ տարիների ընթացքում 2013-ի մայիսը ամենաարյունալին էր Իրաքում: ՄԱԿ-ի զեկույցում հաղորդվում է, որ պայթյունների և զինված հարձակումների հետևանքով երկրում անընդմեջ ավելանում է զոհերի թիվը, տեղեկացնում է Russia Today-ը:


Զեկույցի հեղինակների կարծիքով հակամարտությունների հիմնական պատճառը միջկրոնական գժտություններն են սուննիների և շիաների միջև: Դեռևս Սադդամ Հուսեյնի ղեկավարման օրոք պետական կառույցներում հիմնական պաշտոնները զբաղեցնում էին սուննիները, սակայն նրա պաշտոնաթողությունից հետո ղեկավարությունն անցավ մեծամասամբ շիաների ձեռքը:


Այժմ իսլամի սուննի ուղղության հետևորդները պահանջում են վարչապետ Նուրի ալ-Մալիկիի հրաժարականը՝ հայտարարելով, որ իրենք ճնշումների են ենթարկվում շիաներից կազմված կառավարության կողմից:


ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ապրիլ ամսին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների և բախումների հետևանքով ընդհանուր առմամբ երկրում զոհվել է 712 մարդ, ևս 1633-ը վիրավորվել են: Ամենից շատ տուժել են Բաղդադի բնակիչները, որտեղ սպանվել է 211 մարդ և վիրավորվել 486-ը: Բռնությունների ալիքը ավելի է սաստկացել մայիսին, երբ զոհերի թիվը գերազանցել է 1000 մարդը: