Microsoft-ի նախկին աշխատակիցը մարիխուանայի խանութների ցանց կհիմնի
Ամերիկյան հանրահայտ Microsoft ընկերության կորպորատիվ ռազմավարության հարցերով նախկին մենեջեր Ջեյմեն Շիվլին պատրաստվում է ԱՄՆ-ում մարիխուանայի խանութների ցանց հիմնել։
Ինչպես նշում է Russia Today-ը, ցանցը կստանա «Մարիխուանայի Starbucks» անվանումը։ Իսկ թեթև թմրանյութի աճեցման նպատակով հնարամիտ ամերիկացին արդեն գնել է 2 ձեռնարկություն։
«Վստահ եմ, որ այս բիզնեսում ես ավելի շատ գումար կվաստակեմ, քան Microsoft-ը»,- ասել է 45-ամյա Շիվլին։ Microsoft-ի նախկին աշխատակիցը կասկած չունի, որ բժշկական մարիխուանայի վաճառքը կարող է մեծ եկամուտներ բերել։
Շիվլին մանրամասնել է, որ խանութների իր ցանցում կվաճառի ոչ միայն մարիխուանա, այլ նաև դրա հիման վրա պատրաստված այլ մթերքներ։ Ամերիկյան ԶԼՄ-ները նկատում են, որ Շիվլին հավակնում է գրավել մարիխուանայի համաշխարհային շուկայի 40%-ը։ Մախուխուանան Շիվլին մտադիր է ձեռք բերել Մեքսիկայից. այդ հարցում սկսնակ գործարարաին կաջակցի Մեքսիկայի նախկին նախագահ Վինսենտե Ֆոքսը։
Ըստ պաշտոնական տվյալների, 2012թ. ընթացքում ամբողջ աշխարհում 15-64 տարեկան 200 մլն ավելի մարդ մարիխուանա է օգտագործել, իսկ 2005թ. այս թմրանյութի շուկայի ծավալը գնահատվել է 142 մլրդ դոլար։










