Դուք եք մեր ձեռքբերումների ժառանգորդն ու շարունակողը. Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
«Սիրելի փոքրիկներ,
Ամբողջ աշխարհի հետ մայրաքաղաք Երևանն էլ է այսօր նշում Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այսօր, առավել քան տարվա մյուս օրերին, բոլորի ուշադրությունը սևեռված է ձեր վրա ու բոլորը ցանկանում են առանձնակի ուրախություն պատճառել ձեզ:
Երևանի քաղաքապետարանն էլ , բնականաբար, արել է հնարավորը ձեր տոնն առավել հաճելի ու հիշարժան դարձնելու համար:
Տոնական այս օրը երևանցի բոլոր փոքրիկներին ու ընդհանրապես աշխարհի բոլոր երեխաներին խաղաղ ու անհոգ մանկություն եմ մաղթում: Ուզում եմ, որ դուք, սիրելի փոքրիկներ, առողջ մեծանաք ու արդարացնեք ձեր ծնողների ձեզ հետ կապված բոլոր հույսերը: Մենք, մեծերս, ամեն ինչ անում ենք ՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը, երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու ձեր իրավունքը, քանզի դուք եք մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:
Նաև ուզում եմ, որ շատ սիրեք մեր սիրելի մայրաքաղաք Երևանը, հոգ տանեք նրա մասին, որովհետև Երևանը հենց ձեր քաղաքն է ու դուք եք նրա վաղվա տերը:
Կապույտ երկինք, առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում բոլորիդ:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ»
Երևանի քաղաքապետ Տարոն մարգարյանի շնորհավորական ուղերձը լրատվամիջոցներին է ներկայացրել քաղաքապետարանի լրատվական ծառայությունը ու նաև տեղեկացրել, թե տոնական այս օրն ինչ միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքում։ Ստորև ներկայացնում ենք այն։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում, ավանդույթի համաձայն, Ազատության հրապարակն այս անգամ ևս վերածվել էր կավճանկարչության մրցահարթակի: Մանուկների ձեռքով պատկերվող կավճանկարների ստեղծման աշխատանքներին հետևել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Փոքրիկների տոնն առավել հագեցած դարձնելու նպատակով, կավճանկարչությանը զուգահեռ, մանկական սիրված համույթների մասնակցությամբ, հրապարակում կազմակերպվել էր նաև տոնական համերգային ծրագիր: Քաղաքապետը շրջել է հրապարակում, ծանոթացել փոքրիկների աշխատանքին, զրուցել նրանց ծնողների հետ։
Տոնական միջոցառումների շրջանակում մինչև երեկոյան 20:00-ն Ազատության հրապարակում նախատեսված են նաև վիկտորինաների և ուրախ խաղերի անցկացում, որոնց համատեքստում փոքրիկներին սպասվում են նաև հաճելի անակնկալներ:
Այնուհետև Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Հաղթանակ» զբոսայգի։ Այգու բեմահարթակից իրենց ելույթներով փոքրիկներին են ողջունել մանկական համույթները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հաղթանակ» զբոսայգում առավոտյան ժամը 10:00-13:00-ը մինչև 15 տարեկան երեխաների համար զբոսայգու 20 կարուսելներն ու ատրակցիոններն անվճար են եղել:
«Հաղթանակ» զբոսայգում նախատեսված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ գիշեր:










