Մրցույթներ, վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր. հունիսմեկյան միջոցառումներ Երևանի կենդանաբանական այգում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը մի շարք տոնական միջոցառումներ է նախաձեռնել Երևանի կենդանաբանական այգում. մրցույթներ,վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր, հայրենի բնաշխարհն ու կենդանական աշխարհը ներկայացնող պատմություններ: Ամենաակտիվ ու բանիմաց փոքրիկներին նվերներ են հանձնվելու: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Օրվա ընթացքում կենդանաբանական այգու տարբեր հատվածներում նախատեսված են նաև թատերական ներկայացումներ ու համերգային ծրագրեր: Անհատ բարերարներից մեկի օժանդակությամբ, ի դեպ, կենդանաբանական այգում այսօր կբացվի նաև բորենու նոր ազատավանդակը: Հունիսի 1-ին մինչև 16 տարեկան բոլոր երեխաների մուտքը կենդանաբանական այգի անվճար է:










