Anonymous-ը կոտրել է Թուրքիայի նախագահի կայքը

09:58 • 03.06.13

Anonymous խմբավորման ցանցահենները կոտրել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անձնական կայքը։
Այդ կերպ կիբեռհանցագործներն աջակցություն են հայտնել հակակառավարական ցույցերին, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կաբինետի հրաժարականը։

 

Այս պահին անհասանելի են նաև վարչապետի պաշտոնական էջը, ինչպես նաև կառավարական մի շարք կայքեր։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը՝ հարձակման են ենթարկվել նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության, Ստամբուլի, Անկարայի Մերսինի քաղաքապետարանների կայքերը։

 

Թուրքական կայքերի ցանկը, որոնց աշխատանքները դադարեցվել են Anonymous-ի հարձակումների հետևանքով, թարմացվում են։

 

Հիշեցնենք, որ ցուցարարները վերջին օրերին պահանջում են վարչապետ Էրդողանի հրաժարականը։
Բողոքի ակցիաները սկսվել էին, երբ կառավարությունը Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզի զբոսայգու ծառերը հատելու որոշում էր կայացրել։

 

Ցուցարարների դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրի շիթեր էր կիրառել, ինչից հետո ավելի մեծ թվով մարդիկ էին դուրս եկել փողոցներ՝ երկրի տարբեր քաղաքներում։

 

«Գեզի այգին միայն փոքրիկ մասն է այն ամենի, ինչ անում է Էրդողանի կառավարությունը։ Էրդողանը միապետ է, և մենք պահանջում ենք, որ նա հրաժարական տա։ Վաղը մենք կշարունակենք ակցիան»,-ասել է Անկարայում ակցիայի մասնակիցներից մեկը։