Հաշմանդամություն ունեցող մի խումբ անձինք Երևանում մարաթոն կանցկացնեն
Երևանում հունիսի 2-ից 9-ը անցկացվում է «Համագործակցություն 2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոն, որին մասնակցում են սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող երիտասարդներ Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
Այս առիթով այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ծրագիրը կարևորեց այն առումով, որ հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնացել ինտեգրման գործընթացից և ծրագիրը գալիս է լրացնելու այդ բացը:
«Մենք ուզում ենք ցույց տալ մեր սահմանափակ կարողություններ ունեցող ընկերներին, որոնք իրենք կարող են մրցույթների մասնակցել ու հաղթել: Ցույց տանք, թե այս մարդիկ ինչքան ազատ են շփվում շարժվում: Ծրագիրը կարող ենք ասել, որ նպատակին ծառայում է»,- ասաց նա:
Նշենք, որ մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան, որի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծրագրին աջակցելու և իրենց՝ Հայաստանում լինելու հնարավորություն տալու համար:
«Իրականացավ մեր վաղեմի երազանքը. երեք տարի նախապատրաստել ենք այս ծրագիրը: Ես այս պահին շատ եմ հուզվում, որովհետև մեզ վրա երբեք որևէ մեկը ուշադրություն չի դարձրել: Բայց միասին մենք կարող ենք ավելին, մենք կհաղթենք հաշմանդամությունը, կբարձրացնենք սոցիալական ոլորտի խնդիրները ու կհաղթենք Եվրոպային»,- ասաց նա:
Նիկոլայ Բուդյուկինը եկել էր մեդալով և պատվոգրով, որը խնդրեց փոխանցել ՀՀ նախագահին՝ մարաթոնի մասնակիցների անունից:
Մարաթոնի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ այցելություն Մայր Հայաստանի հուշահամալիր, կլոր սեղան ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ հուլիսի 8-ին կկազմակերպվի հաշմանդամություն ունեցող անձանց և ոչ հաշմանդամ մարդկանց երթ Երևանի փողոցներով:










