Ամենակարգապահից մինչև ամենաօրինախախտ զինվորը գնդապետ Բուդաղյանին հարգում է. զորացրված զինվորը՝ հրամանատարի մասին

12:32 • 03.06.13

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի արդյունքում հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով 2010-2013 թվականի սկիզբը եղել է Ղարաբաղի N զորամասի հրամանատար, իր զինվորների շրջանում մեծ հարգանք է վայելում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա հրամանատարության ժամանակահատվածում իր ծառայությունն իրականացրած զինվոր Աշոտ Ալոյանը. «Ամենակարգապահից մինչև ամենաօրինախախտ զինվորը նրան հարգում էր»:

Վերջինիս խոսքով՝ բոլոր զինվորները սիրում էին նրան, քանի որ հրամանատարը լավ սովորող, լավ ծառայող զինվորներին շատ էր ընդառաջում, «տեր» էր կանգնում բոլորին: «Շատ «ակուրատնի» մարդ ա, ի տարբերություն այլ հրամանատարների՝ ինքը Հայաստանից գնացած ու Ղարաբաղի զինվորների միջև տարբերություն չէր դնում, իրա զինվորին մեկը բան ասեր, կսպաներ»,- ասաց Աշոտ Ալոյանը, ով նշված զորամասում եղել է ուսումնական գումարտակի դասակի հրամանատարի տեղակալ և զորացրվել է ավագ սերժանտի կոչումով:


Նա նաև նշեց, որ Արտակ Բուդաղյանի հրամանատարության ժամանակ 2011-ին զորամասը ճանաչվել է լավագույնը, նույն զորամասի երրորդ գումարտակը նույնպես ճանաչվել է լավագույնը: Գնդապետի հրամանատարության օրոք զորամասում արտակարգ պատահարներ քիչ են եղել՝ ընդամենը երկու դեպք:


«Զինվորների ամսական հասանելիք գումարը, որ ստանում էին, եթե հանկարծ իմանար, որ մեկը մյուսինը վերցրել ա, շատ խիստ կպատժեր: Եթե ինչ-որ մի զինվորի ընտանիքում դեպք էր լինում, արձակուրդ էր տալիս: Երբ ամառը գալիս էր, իր հաշվին միրգ, բանջարեղեն էր բերում ամբողջ զորքի համար»,- պատմեց Աշոտ Ալոյանը:


Նշենք, որ Արտակ Բուդաղյանն այժմ գտնվում է Երևանի ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում, որտեղից Tert.am-ին այսօր տեղեկացրին, որ գնդապետի վիճակը շարունակում է մնալ ծանր, կայուն: