Օբաման գաղտնի գործարքի մեջ է մտել Քլինթոնների ընտանիքի հետ

15:05 • 03.06.13

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գաղտնի գործարքի մեջ է մտել Քլինթոնների ընտանիքի հետ, որի շրջանակներում նա համաձայնվել է ամեն կերպ աջակցել 2016թ. նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի առաջադրմանը, ինչի դիմաց Բիլ Քլինթոնն էլ օգնել է Օբամային անցած տարվա նախագահական արշավի ժամանակ։ 

 

Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը՝ նշելով, որ պայթյունավտանգ բացահայտումների մասին հայտնի է դարձել Օբամայի մասին The Amateur կենսագրական գրքից։ Հեղինակ Էդվարդ Քլեյնը պնդում է, որ 2012թ. ռազմավարները խորհուրդ են տվել նախագահին ամեն ինչ անել Բիլ Քլինթոնի աջակցությունը քարոզարշավի ժամանակ ստանալու համար։

 

Արդյունքում Հարավային Կարոլինայում կայացած Դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում Բիլ Քլինթոնը պաշտոնապես ներկայացրել է Օբամային որպես նախագահական մրցարշավի թեկնածու, ինչին կողմ է արտահայտվել համագումարին մասնակցող 5.556 պատվիրակ։

 

Daily Mail-ն այնուհետ եզրակացնում է, որ Քլինթոնի աջակցությունը եղել է միայն այն պատճառով, որ Օբաման խոստացել է նույնպիսի աջակցություն ցուցաբերել 2016-ին Հիլարի Քլինթոնին, որը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։

 

Սակայն The Amateur-ի հեղինակը պնդում է, որ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Օբաման փոխել է իր դիրքորոշումը նախկին պետքարտուղարի հարցում, ինչը պարզապես հունից հանել է նրա ամուսնուն՝ Բիլին։