Էրդողանը Թուրքիայում անկարգությունների համար մեղադրել է ընդդիմությանն ու ծայրահեղականներին

15:15 • 03.06.13

Թուրքիայում ոստիկանության հետ բախումները կազմակերպել են նրանք, որոնք չեն կարողացել ընտրություններում հաղթել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Այդ մասին այսօր Ստամբուլում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Մարոկկո մեկնելուց առաջ։

 

«Բոլոր այդ ակցիաները կազմակերպվել են ծայրահեղական շրջանակների կողմից, որոնց հետ սերտ կապեր ունի Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որն այստեղ կարևոր դեր է կատարում։ Դա Գեզի այգու հետ արդեն որևէ կապ չունի։ Դա կազմակերպել են նրանք, ովքեր չկարողացան հաղթել ընտրություններում»,-ասել է նա։

Էրդողանի խոսքով՝ Գեզի այգին ընդամենը պատրվակ էր։

 

«Ի՞նչ կապ ունի Անկարան կամ Իզմիրը Ստամբուլի այգու հետ։ Այդ ամենը կազմակերպել են ծայրահեղական շրջանակները։ Մեր ժողովուրդն իրավունք ունի հանրահավաքներ կազմակերպել։ Հայտնի են Ստամբուլի այն վայրերը, որտեղ դա կարելի է անել, և մենք մեր կողմից ամեն ինչ կանենք անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է վարչապետը։