«Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստը կկայանա Երևանում

14:10 • 03.06.13

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը կկայանա Երևանում 2014թ.-ի նոյեմբերին, ինչը հայկական պատվիրակության լավ աշխատանքի արդյունք է. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:


«Դեռևս լիագումար նիստից վեց ամիս առաջ բավականին մանրակրկիտ աշխատել ենք բոլոր չորս զեկույցների վրա, որոնք ներկայացվել են: Բոլոր զեկույցներում տեղ են գտնել Ադրբեջանի, Վրաստանի և եվրոպառլամենտի մի քանի պատգամավորների մոտեցումները, որոնք հակասում էին մեր առաջարկներին»,– ասաց նա։


«Ադրբեջանական կողմը, երկու եվրոպատգամավորները, և վրացական կողմը՝ թվով 8 առաջարկներ դուրս են բերվել քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկույցից, որոնք հայկական կողմի համար եղել են անընդունելի»,-ասաց նա։


Արտակ Զաքարյանը նշեց, որ հայկական պատվիրակությանը` որպես անակնկալ է մատուցվել այն, որ Ադրբեջանը օրակարգ է մտցրել «Հայաստանում ջրային ռեսուրսների սահմանափակման և դրանով իսկ Ադրբեջանի բնապահպանությանը սպառնացող վտանգի մասին» զեկույցի նախագիծը, որտեղ ըստ նրա, օգտագործված էր Ադրբեջանին բնորոշ բառաֆոնդը։


Պատգամավորը նաև շեշտեց, որ հայկական պատվիրակությունը դեմ է եղել այդ հարցի օրակարգ մտնելուն և քննարկմանը, քանզի, ըստ պատվիրակության, Ադրբեջանն այս հարթակը ևս փորձում է օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: «Մենք հասանք նրան, որ այդ հարցը դուրս բերվեց օրակարգից»,- նշեց Արտակ Զաքարյանը:


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Ադրբեջանը ցանկացած հանգամանք փորձում է օգտագործել իր երկրի քաղաքական շահը առաջ տանելու համար:


«Իրենց մշտական կետերով, նույնիսկ ջրային ռեսուրսների կառավարման թեմայում կրկին փորձ արվեց քաղաքական շեշտադրումներով փաստաթուղթ ներկայացնել։ Ադրբեջանը փորձում էր հումանիտար, կրթական հարցերում ևս իր քաղաքական շեշտադրումներն անել»,-ասաց նա:


Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ ազգային շահի հետապնդման հարցերում հայկական պատվիրակությունը միասնական է եղել, բայց եղել են հարցեր, որոնք պատվիրակության անդամները քվեարկել են` ելնելով իրենց քաղաքական ուժի գաղափարներից:


Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի երրորդ նիստը կայացել է մայիսի 27-29-ին։