Դուբայում արգելափակված ՀՀ քաղաքացիներին խոստացել են թռիչքն իրականացնել հունիսի 4-ին

16:49 • 03.06.13

Դուբայ–Թբիլիսի չվերթի՝ Դուբայում արգելափակված ՀՀ քաղաքացիներին թռիչքն իրականացնող FlyGeorgia ավիաընկերությունից խոստացել են, որ թռիչքը դեպի Թբիլիսի տեղի կունենա հունիսի 4-ին՝ առավոտյան ժամը 09.10-ին։ 

Tert.am–ի հարցմանն ի պատասխան Դուբայ–Թբիլիսի չվերթի ուղևոր Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց.«Խոսք են տվել, որ ամսի 4-ի առավոտյան ժամը 09:10 –-ին կկարողանանք թռնել: Այսինքն` այսօր էլ պետք է անցկացնենք այստեղ»:

Հիշեցնենք, որ Դուբայից հետադարձ թռիչքը պետք է կայանար կիրակի առավոտյան՝ Դուբայ-Թբիլիսի չվերթով, սակայն թռիչքն անհասկանալի պատճառով չի կայացել: Մի քանի ժամ Դուբայի օդանավակայանում սպասելուց հետո տեղի սպասարկող անձնակազմը հայտնել է, որ թռիչքը հետաձգվում է և որ քաղաքացիներին հյուրանոց կտրամադրվի, մինչև թռիչքը կայանա:

«Սակայն արդեն երկրորդ օրն է՝ լուր չունենք: FlyGeorgia ընկերության ներկայացուցիչը չկա, չգիտենք՝ ում հետ կապ հաստատենք: Դուբայի օդանավակայանը չունի որևէ տեղեկություն դեպի Թբիլիսի թռիչքների մասին: Էլեկտրոնային ժամատախտակներից, անհետացել են Դուբայ-Թբիլիսի բոլոր թռիչքները և պարզ չէ, թե երբ կլինի»,- տեղեկացրել էին ՀՀ քաղաքացիները:

Նրանք են՝ Դավիթ Խաչատրյան, Արմեն Սարգսյան, Տաթևիկ Պապյան, Քրիստինե Մուրադյան, Հայկ Սարգսյան, Գարիկ Խաչատրյան, Հակոբ Տերտերյան։ Վրաստանում ՀՀ դեսպանատունը վրացական FlyGeorgia ավիաընկերությունից հետաքրքրվել է Դուբայում չվերթների հետաձգման պատճառով մնացած ՀՀ յոթ քաղաքացիների ճակատագրով և նրան տեղեկացրել են, որ վաղը առավոտյան ընկերությունը նրանք կթռչեն Թբիլիսի:

Այս մասին Tert.am–-ին հայտնեց Հովհաննես Մանուկյանը, ում ավիաընկերությունից հավաստիացրել են, որ քաղաքացիները ապահովված են հյուրանոցով, իսկ թռիչքների պատճառները տեխնիկական են, ինչի մասին արդեն հաղորդել էինք: