Գորիսից մարդիկ փախնում են, որպեսզի Ավո Բուդաղյանի սպանության գործով չհարցաքննվեն. Սիլվա Համբարձումյան
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանի սպանության գործով չհարցաքննվելու համար որոշ գորիսեցիներ իրենց երեխաներին հեռացնում են քաղաքից, հանում Հանրապետությունից, այս մասին Tert.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետի հետ իր վատ հարաբերություններով հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը:
«Որ իրենց չհարցաքննեն, որ վաղն իրենց երեխաներին չսպանի: Ինձ շատ զանգեր եկան՝«տիկին Սիլվա, Դուք չկարողացաք դրա գյամերը ձգել, հիմա եթե չփախնենք՝ ինչ իմանանք՝ վաղը մեր երեխաների հետ էդ նույնը չի՞ լինի: Մենք տեղափոխվենք Ռուսաստան, որ մեր երեխաները գոնե հանգիստ ապրեն»,- ասաց գործարարը:
Հիշեցնենք, որ մոտ 1, 5 տարի առաջ Սուրեն Խաչատրյանի դեմ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցված Սիլվա Համբարձումյանին ապտակելու փաստի կապակցությամբ: Սակայն նախաքննությունը մոտ մեկ ամիս անց կարճվեց, իսկ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ զղջում է տեղի ունեցածի համար:
Սիլվա Համբարձումյանը հիշեցրեց, որ դրանից հետո էլ Սուրեն Խաչատրյանն անմասն չի մնացել կնոջը ծեծելուց և հայհոյելուց՝ նկատի ունենալով Քաջարան այցելած բնապահպան ակտիվիստներից մեկին։
«Եթե պատժեին գողությունը, մնացած այլանդակությունները, էսօր չէր լինի սպանությունը, անմեղ զոհեր չէին լինի և եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկեին, այլ ոչ թե շքանշան տային»,-ասաց գործարար կինը՝ ամփոփելով իր միտքը՝ ասաց.«Թող իշխանությունները դաս քաղեն, որ չի կարելի անպատժելի թողել մի այլանդակի»:
Հիշեցնենք, որ սպանության գործով, մասնավորապես՝ սպանության և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով) կասկածանքով ձերբակալվել են Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և մարզպետի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։
Սիլվա Համբարձումյանը նաև նշեց, որ, վերջապես, ժամանակն է, որ Սյունիքի մարզպետը ոչ միայն պաշտոնանկ արվի, այլև պատժվի ու ավելացրեց.«Ի՞նչ եք կարծում՝ իր թիկնապահը ինչու՞ էր այնտեղ կամ՝ ինքը քնա՞ծ էր: Կամ ինչի էր թիկնապահը այդ ժամին այդտեղ, ինչու չէր աշխատանքից հետո տուն գնացել … պաշտպանում էր, որ նա քնած ժամանակ ոչինչ չանի՞: Մենք չգիտենք, որ թիկնապահները նաև քնած ժամանակ են հսկում»:










