Թուրքիայի նախագահն անդրադարձել է երկրում իրավիճակին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկրի ողջ տարածքում անցկացվող ցույցերի մասնակիցներին զգոնության կոչ է արել, տեղեկացնում է «Ակօս»-ը։
«Թուրքիան ժողովրդավար, ժողովրդավարության օրենքներով առաջնորդվող երկիր է։ Մի երկիր, որը հավատում է օրենքի գերակայությանը։ Մեր դատարանների որոշումները հնարավոր է բողոքարկել, և դրա ճանապարհները կան»,-ասել է Գյուլը։
Նա նշել է, որ բոլորը տարբեր տեսակետներ, քաղաքական համոզմունքներ ունենալու և ազատ զգալու իրավունք ունեն։
«Խաղաղ ցույցերն էլ ժողովրդավարության մի մասն են։ Բոլոր այն մեսիջները, որոնք դրական նպատակ ունեն, մենք ստացել ենք։ Մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում աչալուրջ լինել և բողոքները խաղաղ ճանապարհով արտահայտել, քանի որ երկրի իմիջը վնասող քայլերը կվնասեն բոլորին։ Փորձարկվում է Թուրքիայի ժողովրդավարությունը։ Պետք է հանգիստ լինել և հետևել օրենքներին»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ ցույցերը սկիզբ էին առել Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումների և առևտրային կենտրոն կառուցելու՝ իշխանությունների որոշումից։










