Սյունիքի մարզպետը ժամանակավորապես կդադարեցնի իր լիազորությունները (թարմացված)

17:08 • 03.06.13

Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը տարածել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը, որում նա հայտնում է մարզպետի իր լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»,- ասված է հայտարարությունում:


Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ի կեսգիշերին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի մարզպետի ազգականն է և թիկնապահը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ(ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը), որը փոխանցվել է ՊՆ քննչական ծառայություն:
Այսօր այս գործ շրջանակներում ձերբակալվել են մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր Սյունիքի մարզպետի հրաժարականի մասին, ինչը թյուրընկալման արդյունք էր, ինչի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը: