Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների գործը փոխանցվել է ՊՆ քննչական ծառայություն

11:06 • 03.06.13

Ոստիկանությունը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ շաբաթ կեսգիշերին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանի սպանութան, Արտակ Բուդաղյանի և Նիկոլայ Աբրահամյանի հրազենային վնասվածքներ ստանալու փաստով հարուցված քրեական գործը (ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) փոխանցվել է ՊՆ քննչական ծառայություն:


Այս մասին Tert.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Գործը ՊՆ քննչական ծառայություն է հանձնվնել է այն պատճառով, որ վիրավորներից Արտակ Բուդաղյանը զինվորական է, գնդապետ, Ղարաբաղի N զորամասի հրամանատար։ Մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:
 

Հիշեցնենք, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից:
 

Նշենք, որ Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունն այսօր տարածել է հայտարարություն, որում դատապարտում է Ավո Բուդաղյանի սպանությունը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում անհապաղ պաշտոնանկ անել Սուրեն Խաչատրյանին։

«Առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը (հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրամադրելու հարցը) այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ «մեղավորը» թիկնապահ Զարզանդն է․․․»,-նշված է հայտարարության մեջ:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը որևէ մանրամասն չհայտնեց՝ նշելով, որ գործը դեռ չի հասել իրենց մոտ: