Եգիպտական դատարանը մեղադրանք է ներկայացրել ոչ պետական մի շարք, այդ թվում՝ ամերիկյան կազմակերպությունների 43 աշխատակիցների

20:07 • 04.06.13

Կահիրեի դատարանը մեղադրել է ոչ պետական կազմակերպությունների 43 եգիպտացի և օտարերկրացի աշխատակիցներին Եգիպտոսում անօրինական գործունեություն ծավալելու համար, հայտնում է BBC-ն:


Դատարանը մեղադրյալներին դատապարտել է մինչև 5 տարվա ազատազրկման՝ նրանցից շատերին հեռակա կարգով: Դատարանը նաև կարգադրել է փակել նրանց գրասենյակները և առգրավել Եգիպտոսում մի շարք ԱՄՆ կազմակերպություններին պատկանող ակտիվները:


2012-ին հարուցված գործը սրել է Կահիրեի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները, ինչի հետևանքով ԱՄՆ պաշտոնյաները սպառնացել են դադարեցնել 1.5 մլրդ տարեկան ֆինօգնության տրամադրումը Եգիպտոսին:


Երեքշաբթի Կահիրեի դատարանը որոշում է կայացրել 27 մեղադրյալներին դատապարտել 5-ական տարվա ազատազրկման, 5-ին՝ երկուական, իսկ 11-ին՝ մեկական տարվա ազատազրկման: Դատապարտյալները հայտնել են, որ կբողոքարկեն դատարանի որոշումը, ինչպես տեղեկացնում է France Presse գործակալությունը:


Կահիրեի դատարանը նաև դադարեցրել է մի շարք այլ ոչ պետական կազմակերպությունների աշխատանքը, որոնցից են ԱՄՆ-ի կողմից հիմնված Միջազգային հանրապետական ինստիտուտը և Ազգային ժողովրդավարական ինստիտուտը: Կազմակերպություններին մեղադրանք է ներկայացվել առանց լիցենզիա աշխատելու և արտասահմանյան միջոցները ապօրինաբար տնօրինելու համար, ինչը վերջիններս հերքում են: