Facebook-ի նախկին նախագահը տուգանվել է 2.5 մլն դոլարով՝ արգելոցում հարսանիք անելու համար
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները 2.5 մլն դոլարով տուգանել են հանրահայտ Facebook սոցկայքի նախկին նախագահ ու համահիմնադիր Շոն Փարքերին՝ առանց համապատասխան թույլտվության Բիգ Սյուր (Big Sur) ազգային արգելոցում հարսանիք կազմակերպելու համար,հայտնում է Взгляд-ը։
Փարքերն ու նրա ընտրյալը՝ երգչուհի Ալեքսանդրա Լենասը, ամուսնացել են հունիսի 1-ին, ինչի կապակցությամբ շքեղ, 10 մլն դոլար արժողությամբ միջոցառում է կազմակերպվել։ Հարսանիքը տեղի է ունեցել ազգային արգելոցի այն հատվածում, որը շատ մոտ է եղել էկոլոգիական զգայուն գոտուն, որտեղ բնակվում են վերացման վտանգի տակ գտնվող կենդանիներ ու թռչուններ։
33-ամյա գործարարի հարսանեկան արարողությանը ներկա է գտնվել 300 բարեկամ ու ընկեր, ինչպես նաև նորապսակների 1-ամյա դուստրը։ Փարքերը Facebook-ի նախագահ է դարձել 2004թ., սակայն 1 տարի անց ստիպված է եղել լքել պաշտոնը՝ թմրանյութերի ապօրինի պահպանման համար առաջադրված մեղադրանքի պատճառով։










