Վենեսուելայի նախագահը Կոլումբիայի իշխանություններին մեղադրել է դավադրության համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում մեղադրել է Կոլումբիայի իշխանություններին դավադրության համար, տեղեկացնում է Взгляд-ը։
Նա հայտարարել է, որ Կոլումբիայում իր և Ազգային ժողովի նախագահ Դոսդադո Կաբելյոյի դեմ մահափորձ են նախապատրաստում։
Անցյալ շաբաթ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ընդունել էր վենեսուելական ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսին։ Ի պատասխան վենեսուելական իշխանությունների մեղադրանքների, թե այդ հանդիպումը կվնասի երկու երկրների հարաբերություններին, նա հայտարարել էր, որ խոսքը թյուրիմացության մասին է։
«Դա թյուրիմացություն չէ։ Բոգոտան վերածվել է մի վայրի, որտեղ մեր դեմ դավեր են նյութվում, որտեղ ծրագրվում են իմ և Դոսդադո Կաբելյոյի սպանությունները, վենեսուելացի զինվորների սպանությունները»,-ասել է Մադուրոն։
Վենեսուելայի նախագահը համոզմունք է հայտնել, որ իր կոլումբիացի գործընկեր Խուան Մանուել Սանտոսը մտադրվել է վատացնել երկու երկրների հարաբերությունները։
«Կարծում եմ, որ ի շահ Վենեսուելայի և Կոլումբիայի, ցանկացած հակասություն մենք կարող ենք լուծել քաղաքակիրթ ճանապարհով՝ դիվանագիտական ալիքներով»,-ասել է Մադուրոն։










