Մերաբիշվիլին հեռուստացույց կստանա, եթե իրեն լավ պահի. Վրաստանի արդարադատության նախարար
Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին գտնվում է այնպիսի պայմաններում, ինչպես նախատեսվում է օրենսգրքով։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումից հետո։
Ինչպես հայտնում է apsny.ge-ն, այսօր առավոտյան բանտում գտնվող Վանո Մերաբիշվիլիին է այցելել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կշիշտոֆ Լիսեկը։
Հանդիպումից հետո նա նշել է, որ Մերաբիշվիլին պահվում է նորմալ պայմաններում, սակայն զարմացել է, որ նա հեռուստացույց չունի։
«Օրենքը մեզ ժառանգել է «Միացյալ ազգային շարժումը», և այն չի նախատեսում պատժի կրման հաստատությունում հեռուստացույցի առկայություն»,-նշել է Ցուլուկիանին և հավելել, որ եթե Մերաբիշվիլին իրեն օրինակելի պահի, ապա կստանա ոչ միայն հեռուստացույց, այլև ռադիո։










