Մոսկվայում ձերբակալվել է միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի

15:40 • 04.06.13

Ռուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են միջպետական հետախուզության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով կասկածվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար, հայտնում է mvd.ru-ն։

 

Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողը ծնունդով Երևանից 29-ամյա մի երիտասարդ է, ով չարաշահելով վստահությունը՝ խաբեության ճանապարհով առևանգել և այնուհետ վաճառել է ավտոմեքենաներ։ Նրա հասցրած վնասը կազմում է մոտ 8 մլն ռուբլի։

 

Ռուսաստանի տարածքում հետախուզվողը փակ կենսակերպ է վարել. հաճախ է փոխել բնակության հասցեն և հեռախոսահամարները։

 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա գտնվելու ստույգ վայրը։ Նա ձերբակալվել է վարձու բնակարանում՝ Մոսկվայի Հարավ-արևելյան շրջանում։


Քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Որոշվում է նրան Հայաստանի Հանրապետությանն արտահանձնելու հարցը։