Փարիզի փողոցներում շվեյցարացի դիվանագետը մրցարշավ է կազմակերպել

14:37 • 04.06.13

Շվեյցարացի բարձրաստիճան դիվանագետն անսթափ վիճակում մրցարշավ է կազմակերպել Փարիզի փողոցներում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական և շվեյցարական ԶԼՄ-ներին։

 

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերին համազոր միջադեպը տեղի է ունեցել Փարիզի 5-րդ շրջանում։ Ոստիկանության աշխատակիցները նկատել են դիվանագիտական համարանիշերով Mercedes մակնիշի մեքենան, որն ամբողջ ուժգնությամբ սլացել է Սեն Բեռնար ափամերձ տարածքով։

 

Նրանք փորձել են կանգնեցնել վարորդին, սակայն վերջինս չի ենթարկվել։ Որոշ ժամանակ անց հաջողվել է հասնել մեքենային, սակայն կանգնեցնել կրկին չի ստացվել, ընդ որում՝ վարորդն ուղղել է մեքենան դեպի ոստիկանները։

 

Մեքենան շարունակել է ճանապարհը միակողմանի երթևեկությանը հակառակ՝ խուճապ առաջացնելով վարորդների շրջանում։ Այստեղ ոստիկանությունը վերջապես ձերբակալել է վարորդին, ով, պարզվում է, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում Շվեյցարիայի 54-ամյա դեսպանն է։ Անցկացված թեստը նրա արյան մեջ ալկոհոլի բարձր չափաբաժին է գրանցել։ Շնորհիվ իր դիվանագիտական կարգավիճակի՝ օրինազանցն ազատ է արձակվել։