ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցություն հնարավոր է, կարևորն այն է, որ դա խաղաղ բնույթ կրի. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ ցանկացած ոլորտում, միայն թե համագործակցությունը խաղաղ բնույթ կրի, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք պատրաստ ենք խաղաղ բնույթի ամենատարբեր համագործակցություն սկսել»,-նշել է Մեդվեդևը նորվեգական հեռարձակող ընկերությանը տված հարցազրույցում: «Հաշվի առնելով այն, որ մենք տարբեր ռազմաքաղաքական խմբեր ենք ներկայացնում, այնուամենայնիվ, մենք ի զորու ենք խաղաղ համագործակցություն հաստատել», - ընդգծել է ՌԴ վարչապետը:
Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ այս տեսակ համագործակցությունը հնարավոր է: Նա նաև նշել է, որ վերջին տարիներին երկու կողմերին արդեն հաջողվել է նմանատիպ համագործակցություն ստեղծել իրենց համընդհանուր շահերը ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են էկոլոգիական իրավիճակը, գլոբալ տաքացման խնդիրները և այլն:










