Ժամանակը չէ՞ Սևանում 2-3 տարի ընդհանրապես արգելել ձկնորսությունը. պատգամավորը՝ նախարարին

11:49 • 04.06.13

ԱԺ-ում այսօր «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարցրեց, թե արդյոք ժամանակը չէ՞ Սևանում 2-ից 3 տարի ընդհանրապես արգելել ձուկ որսալ։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ուղիղ պատասխանն «այո» էր։ «Ձեր հարցի ուղիղ պատասխանն է այո, մենք ցանկություն ունենք արգելք սահմանել, բայց ասեմ, որ արդեն 7 տարի է արդյունագործական որսի որևէ թույլտվություն չկա»,-ասաց նախարարը։

Նա նշեց, թե տեսակետը, թե այս տարիներին աշխատանք չի կատարվել, սխալ է։ «Դրա վառ ապացույցը այս ժամանակահատվածում տեսնում եք, թե ինչ իրավիճակ է։ Այո՛, ունենք բացթողումներ, բայց տարիների աշխատանքը լուրջ արդյունքներ տվել է։ Այո՛, կա ձկնագողություն, բայց եթե թույլտվություն չկա, ուրեմն արգելանք կա»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ հարցին պետք է նաև պատգամավորները միջամտեն, գուցե, օրենքները խստացնեն կամ քրեական պատասխանատվություն սահմանեն։

Վահագն Մախսուդյանը նշեց, որ որսագողություն անում են Սևանի ավազանի բնակիչները, որոնց թիվը չի գերազանցում 250-300 ընտանիքը։ «Այդ ընտրանքներին աշխատանք տվեք, որ ձուկ չորսան, կարող ենք անուն ազգանուններով էլ ասենք, դա մեծ խնդիր չի, որ մեր կնաբարոյությունը չկարողանա լուծել»,- ասաց պատգամավորը, ում հետ նախարարը համաձայնեց։
 

ԲՀԿ–ական մեկ այլ պատգամավոր Լյովա Խաչատրյանը կատակեց. «Ինքն ուզում ա նենց անի, որ մենակ մարտունեցիք ձուկ ուտեն»։

Նշենք, որ Վահագն Մախսուդյանը ծնունդով Մարտունիից է։