Եթե որոշեն սահմանն էլ անցնել, ես կանցնեմ. Սյունիքի մարզպետի հնարավոր թեկնածու
Սյունիքի մարզպետի հնարավոր թեկնածուների մասին մամուլում շրջանառվում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանի անունը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ իր մասին շրջանառվող լուրերից:
«Ես Գորիսում եմ, տեղյակ չեմ»,- ասաց նա՝ խնդրելով փակել թեման:
Հարցին, թե արդյոք պատրաստ է ստանձնել մարզպետի պաշտոնը, ՊՆ գեներալը պատասխանեց. «Ես ի՞նչ ասեմ, ես չեմ որոշողը և իմ ցանկություններով չի»:
Իսկ հարցին, թե ինչ կանի, եթե որոշեն իրեն նշանակել, ասաց. «Եթե որոշեն սահմանը անցնել, ես սահմանն էլ կանցնեմ: Եթե երկրի նախագահը որոշի, իհարկե, կանենք»:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 1-ի կեսգիշերին իր տան մոտակայքում տեղի ունեցած հրաձգությունից հետո երեկ՝ հունիսի 3-ին հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ ժամանակավորապես դադարեցնում է մարզպետի լիազորությունները մինչև հետաքննության ավարտը։
Հրաձգության հետևանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի մարզպետի ազգականն է և թիկնապահը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ(ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը), որը փոխանցվել է ՊՆ քննչական ծառայություն:
Հունիսի 3-ին այս գործի շրջանակներում ձերբակալվել են մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։










