Փրկարարները դուրս են բերել Տավուշում ժայռաբեկորի տակ մնացած էքսկավատորի 27-ամյա վարորդի դին

15:24 • 04.06.13

Փրկարարները Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելիս հունիսի 3-ին ժայռաբեկորի տակ մնացած էքսկավատորից դուրս են բերել վարորդի դին, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը՝ հրշեջ-փրկարարները, մոտենալով դեպքի վայրին, ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած ճանապարհահատվածը շարունակել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք և սարքավորումներ):

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տոննա կշռով, 10-15 խմ ծավալով ժայռաբեկոր, ինչի հետևանքով վարորդը` Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:

Քանի որ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով ծանր տեխնիկայի կիրառումը հնարավոր չի եղել, աշխատանքներն իրականացվել են ձեռքի տեխնիկական միջոցներով:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 14 հրշեջ-փրկարար, ինչպես նաև տեղի բնակիչներ և ՀԷԿ-ի շինարարներ:
Ամբողջ գիշեր աշխատելով ու ձեռքի ուժով ժայռաբեկորները հեռացնելուց հետո` հունիսի 4-ին, ժամը 08.47-ին հրշեջ-փրկարարները բեկորների տակից դուրս են բերել վարորդի դին։