8 975 դիմորդ միասնական քննություն է հանձնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից (տեսանյութ)

11:39 • 04.06.13

Հանրապետության 36 քննակենտրոնում այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն է հանձնում 8 975 դիմորդ: Նման քննակենտրոններից մեկը Երևանի թիվ 189 ավագ դպրոցն է, որտեղ նախատեսված 276 դիմորդից այսօր առավոտյան ներկայացել էր 258-ը: Այս մասին այսօր քննակենտրոնում լրագրողներին տեղեկացրեց քննական կենտրոնի ղեկավար Լուսինե Ասլանյանը:


Նա նշեց, որ դիմորդներից մեկը տեսողական խնդիր ունի, ուստի քննությանը տիֆլո մանկավարժ է ներկա:


«Նա առարկայի մասնագետ չի հանդիսանում, միայն օգնում է դիմորդին կարդալ թեստը: Մանկավարժը ներկայացվել է համապատասխան դպրոցի կողմից՝ ԳԹԿ-ի թույլտվությամբ»,-ասաց նա և տեղեկացրեց, որ դեռևս որևէ բողոք ու դժգոհություն չեն եղել։


Քննական կենտրոն այցելեց նաև ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նախ մոտեցավ տեսողական խնդիր ունեցող դիմորդին և վստահությունը հայտնեց, որ վերջինս լավ կհանձնի քննությունը, ապա անցավ քննակենտրոնի բոլոր երեք սենյակներով և հորդորեց չհուզվել ու հանգիստ հանձնել քննությունը:


«Ամեն ինչ արված է, որ դուք ձեր գիտելիքները լավագույնս դրսևորեք, չեմ տեսնում ձեր մեջ դեմք, որին նայելով չհավատամ, որ քննությունը կհանձնի հաջողությամբ: Վստահեք ձեր ուժերին հավատացնում եմ, որ թեստը ավելի հեշտ է լինելու, քան պատկերացնում եք, ինձ այդպես է թվում, ուստի մի լարվեք՝ ինչ գիտեք գրեք, իսկ ինչ չգիտեք տրամաբանեք և դուրս եկեք ճիշտ պատասխանի վրա»,- ասաց նա քննասենյակներից մեկում:


Մյուս քննասենյակում Արմեն Աշոտյանը դիմորդներին հորդորեց որևէ հարցի ճիշտը պատասխանը չիմանալու դեպքում ընտրել որևէ տարբերակ՝ հնարավոր է և ճիշտ լինի:


«Ձեր ծնողների անհանգստությունը արդարացրեք ձեր բարձր գնահատականներով: Բոլոր թեստերը ծրագրերից են: Եթ մի բան այն չլինի կողմնորոշվելու ենք դեպի ուսանողը»,-հավաստիացրեց նա:


Հաջորդ միասնական քննությունները տեղի կունենան հունիսի 7-ին՝ «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաներից: