Ուկրաինայի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է անում չայցելել Թուրքիա

09:22 • 04.06.13

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել Թուրքիա այցելություններից՝ պայմանավորված այդ երկրում շարունակվող ցույցերով։


Ինչպես տեղեկացնում է rbc.ru-ն, այդ մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

 

«Պայմանավորված Թուրքիայի Հանրապետության տարածքում անվտանգության տեսանկյունից իրավիճակի սրմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս քաղաքացիներին հրաժարվել այդ երկիր այցելություններից, մասնավորապես հեռու մնալ այնպիսի քաղաքներից, ինչպիսին են՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Էսքիշեհիրը, Մուղլան, Քոնյան, Յալովան, Անթալիան»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում, ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս հեռու մնալ մարդկային կուտակումներից, ցույցերից կամ այլ զանգվածային միջոցառումներից։
 

Հիշեցնենք, որ Թուրքիայում բախումները շարունակվում են արդեն մի քանի օր։ Այսօր և վաղը երկրում զանգվածային գործադուլներ են սպասվում։


Վերջին տվյալներով՝ զանգվածային ակցիաների ընթացքում Թուրքիայում տուժել է ավելի քան 3.100 մարդ, զոհվել է մեկը։