Հրապարակի վերակառուցման դեմ բողոքում են բնապահպանը, արվեստագետը և ճարտարապետը

13:02 • 05.06.13

Երևանի քաղաքաշինությունը սուրը վերցրել է ձեռքին ու ջնջում է Երևանի պատմությունը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր բողոքը ներկայացրեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ կապված Երևանի քաղաքապետարանի հայտարարած Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի հետ:

Բնապահպանը ընդգծեց, որ հրապարակին ձեռք տալ չի կարելի, միայն Լենինի արձանի տեղը հնարավոր է քննարկել, թե ինչ կարելի է անել, ուրիշ ոչ մի բան:

«Եթե ստորգետնյա որևէ բան կառուցվի կբարձրանա հրապարակի սեյսմիկ ռիսկերը, ինչի մասին բիոլոգները գոռում են: Բոլորիս աչքի առաջ է Փակ շուկայի ճակատագիրը ու համոզված եմ, որ եթե մի փոքր որոշում լինի, մենք կկորցնենք մեր հրապարակը»,- ասաց նա և ավելացրեց, որ միայն Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ճաշակով ու ցանկությամբ չպետք է վնասվի քաղաքի տեսքը:

Բնապահպանը մտահոգություն հայտնեց, որ ծրագրի հետևանքով կբարձրացվեն հրապարակի շենքերը, կփոխվի շենքերի տեսքը, զուգահեռ մի քանի շենք էլ կբարձրանան, իսկ Երևանի պատկերասրահի շենքն էլ կքանդվեն:
 

Վերջին շենքը քանդելը անթույլատրելի համարեց նաև ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, ով նշեց, որ թեև Նարեկ Սարգսյանը հայտարարում է, թե այն նախատեսված չէր Թամանյանի նախագծով, սակայն շենքը արդեն երկար տարիներ գոյություն ունի և դարձել է Երևանի պատմության մի մասը:
 

«Մրցույթի պայմանները կարդալիս միանգամից երկու միտք է առաջանում՝ կա՛մ գրողները անտեյակ են ճարտարապետությունից ընդհանրապես, կա՛մ այն շղարշ է անհատական խնդիրները լուծելու համար: Սա կարծես որոշ մարդկանց ամբիցիաներից բխող ծրագիր լինի»,– ասաց նա:
 

«Մրցույթը որևէ հիմք ու ելակետ չունի: Նարեկ Սարգսյանը, կարծում եմ, կոնկրետ խնդիր է դնում ստորգետնյա կանգառ կառուցելու: Բայց հիշեցնեմ, որ Հրապարակը որպես համալիր հուշարձան է և պաշտպանվում է օրենքով»,- ասաց նա:

Արվեստագետ Կարինե Հակոբյանն էլ ասաց, որ արդեն ավարտված ստեղծագորությունը ոչ մեկ իրավունք չունի վնասել ու խզբզել:
 

«Հրապարակի համալիր շենքերի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է։ Եվ պետք է բարեկարգել այն և արդիականացնել արտաքին դիզայնը, ոչ ավելին: Կարծում եմ, որ Թամանյանի հանճարը որոշ միջակ ճարտարապետների հանգիստ չի տալիս: Իսկ քաղաքապետարանը լավ կանի զբաղվի սոցիալական բնակարանաշինությամբ, անօթևան շատ մարդիկ կան: Բոլոր խնդիրները թողել հրապարակով են զբաղվում»,- ասաց նա: