Փառքով պահված մեր դրոշի տակ մենք այսօր անտեսված ենք. ազատամարտիկների պայքարը չի մարի
«Շուշի 92» ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Իշխան Սարգսյանը, խորհրդի անդամներ՝ Սարգիս Զաքարյանը և Հակոբ Հակոբյանը այսօր ևս մեկ անգամ բարձրաձայնեցին ազատամարտիկների մի շարք խնդիրների մասին՝ հայտարարելով, որ մինչև այդ խնդիրները չլուծվեն, իրենց պայքարը չի մարի։
«Մեր փառքով պահված դրոշի տակ մենք այսօր անտեսված ենք։ Շատ ազատամարտիկներ կան, որ այսօր ի վիճակի չեն ոչ մի բանի, այն նույն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին երկրի համար»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց Իշխան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կար ժամանակ, երբ ամեն օջախում սեղան նստելիս իրենց կենացն էին խմում, այսօր այդ հարգանքը գնալով պակասում է. «Էդ ծաղիկները, էդ կենացները մեզ պետք չեն, դրա փոխարեն թող այնպիսի օրենքներ ընդունեն, որ էս մարդիկ մարդավարի ապրեն։ Ադրբեջանն իր մարդասպանին փառքով, պաշտոնով, ամեն կերպ աջակցում է, իսկ մեր ազատամարտիկներն այսօր անտեսված են»։
Ազատամարտիկն անդրադարձավ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը և ասաց, որ նախարարը պետք է անցած երկուշաբթի իրենց պահանջները ներկայացներ հանրապետության նախագահին։ «Որպես պատերազմ տեսած մարդիկ, ես հույս ունեմ, որ պետք է մեզ հասկանան»,- հույս հայտնեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին ընդունել էր ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել էր ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին ու համապատասխան հանձնարարականներ էր տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:
Վերջում Իշխան Սարգսյանը հայտարարեց, որ իրենք քիչ լինեն, շատ լինեն, նշանակություն չունի, իրենց պայքարը շարունակվելու է։ «Մենք ետ չենք կանգնելու։ Էս պայքարը բոլորիս համար է, թող գան միանան»,- կոչ արեց նա։










