Իրական ստորջրյա կյանք. լեգենդար Ժակ Իվ Կուստոյի թոռը 31 օր կանցկացնի ջրում (լուսանկարներ)
Ֆրանսիացի հանրահայտ ջրասույզ Ժակ Իվ Կուստոյի թոռը՝ 45-ամյա Ֆաբյեն Կուստոն, պատրաստվում է 31 օր ջրում անցկացնել՝ 25 մ խորության վրա։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Կուստոն 5 մարդու ուղեկցությամբ այդ ողջ ընթացքում կգտնվի Ֆլորիդայի հարավային ափի ջրերում գտնվող ստորջրյա լաբորատորիայում, որն իր չափերով հավասար է դպրոցական ավտոբուսի։

Թիմն այս հետազոտությունը նախաձեռնել է ի պատիվ 50 տարի առաջ Ժակ Իվ Կուստոյի կողմից կազմակերպված նմանատիպ ստորջրյա փորձի հոբելյանի։ Ֆաբյենի պապը ստեղծել է աշխարհում առաջին ջրային փոխադրամիջոցը, որում հնարավոր է ապրել՝ ամբողջովին սուզվելով ջրի մեջ։ Կուստո ավագը Կարմիր ծովում դրանում ապրել է 30 օր, ինչից հետո ներկայացրել է «Կյանքն առանց արևի» վավերագրական ֆիլմը, որը մրցանակի է արժանացել։

Իր հանրահայտ պապուն շատ չգերազանցելու համար, Ֆաբյենը որոշել է իր գիտարշավն ընդամենը մեկ օրով երկարացնել։ Իսկ ստորջրյա ողջ ճանապարհորդությունը շուրջօրյա ռեժիմով կհեռարձակվի աշխարհի տարբեր անկյուններում։

«Օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները՝ մենք կկարողանանք ամենայն մանրամասնությամբ ցույց տալ ստորջրյա աշխարհը, ինչը, անշուշտ, կապշեցնի մարդկանց»,-ասել է Ֆաբյենը՝ ընդգծելով, որ մարդկությունն ուսումնասիրել է օվկիանոսի ընդամենը 5%-ը, և բացահայտելու դեռ շատ բան կա։

«Ջրագնացների» առաքելությունը կսկսվի հոկտեմբերի 1-ին. այդ ընթացքում նրանք կփորձեն պարզել, թե որքան երկար մարդը կարող է ապրել առանց արևի լույսի։














