Ոստիկանությունն արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով ցրել է Անկարայի և Ստամբուլի ցուցարարներին

14:04 • 14.07.13

Թուրքիայի խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, լույս հուլիսի 14-ի գիշերը զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ Ստամբուլում մոտ 1.000 ցուցարար փորձել է դուրս գալ Թաքսիմ հրապարակ, սակայն ճանապարհին կանգնեցվել է։
 

Ինչպես նշում է Deutsche Welle-ն, Թաքսիմ հրապարակին մոտենալիս ցուցարարների և նրանց ուղեկցող լրագրողների վրա են հարձակվել փայտե մահակներով անձինք. ենթադրաբար, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները։

 

Անկարայում, թուրք բլոգերների տվյալների համաձայն, մոտ 100 մարդ վնասվածք է ստացել ոստիկանության գործողությունների հետևանքով։

 

«Մեր հարկերի հաշվին գոյություն ունեցող ոստիկանությունը ձեռք է բարձրացնում մեզ վրա։ Ի դեպ, նռնակները նետում է ոչ թե օդ, այլ մարդկանց վրա։ Ցանկանում ես մտածել, որ ոստիկանների մեջ էլ կան լավ մարդիկ, սակայն... »,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը մեջբերել է ակցիայի մասնակցի խոսքերը։

 

Որոշ տվյալներով՝ ցուցարարների ակտիվությունը պայմանավորված է ընդդիմադիր ակցիաների կազմակերպիչների ձերբակալություններով։

 

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել մայիսի վերջին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ծառահատումների և առևտրի կենտրոն կառուցելու թուրքական իշխանությունների որոշումից հետո։