Բակո Սահակյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է ԼՂ խնդրին վերաբերող հարցեր

14:48 • 15.07.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի հետ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

ԼՂՀ նախագահ իր խոսքում նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է անդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Բակո Սահակյանն ընդգծել է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը` հավելելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:

ԼՂՀ նախագահն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը համարել է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը, որը հետզհետե դառնում է ավելի վտանգավոր և պետք է արժանանա միջազգային հանրության համապատասխան գնահատականին:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: