Բակո Սահակյանը մասնակցել է համաբանակային հրամանատարական հավաքի

10:05 • 15.07.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին և հանդես եկել ելույթով, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Իր խոսքում Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը բանակաշինության գործընթացը որակել է որպես պետության կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել հայոց անկախ պետականությունն ու նրա հուսալի ապագան:

Բակո Սահակյանը նշել է, որ հենց այդ խորին գիտակցությամբ է արվում և այսուհետ էլ կարվի հնարավոր ամեն ինչ` զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, տեխնիկական հագեցվածության արդիականացման, բանակի ոգին անսասան պահելու, հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
 

ԼՂՀ նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել զինված ուժերի բարձրագույն հրամկազմին՝ համաբանակային հավաքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: