Բնապահպանական սկանդալ Բրազիլիայում. 334 հատ մեկդարյա ծառ է հատվել Հռոմի պապի այցի կապակցությամբ

17:53 • 15.07.13

Բրազիլիայի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել տեղի կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին ու նրանց հանցագործներ անվանել, քանի որ վերջիններիս կարգադրությամբ Ռիո դե Ժանեյրոյի ազգային պուրակում 300-ից ավելի մեկդարյա պատմություն ունեցող ծառ է հատվել։

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հատումներն իրականացվել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սպասվելիք այցի կապակցությամբ՝ ուխտավորների ճանապարհը հեշտացնելու նպատակով։

 

Պապի այցի կազմակերպիչ հոգևորականները նշել են, որ անհրաժեշտ է եղել մաքրել արևադարձային անտառի մի մասը, որպեսզի մոտ 800 ուխտավորներ կարողանան անխոչընդոտ անցնել այդտեղով։ Սակայն երկրի իշխանությունները պնդում են, որ եկեղեցին իրավասու չի եղել հատել անտառի մի մասը։

 

Այժմ բնապահպանական կազմակերպությունները մտադիր են դատի տալ հոգևորականներին։