Ահաբեկչություն Դամասկոսում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

16:25 • 15.07.13

Առնվազն 13 մարդ է զոհվել այսօր առավոտյան Դամասկոսի Դեյր Աթիա թաղամասում մահապարտ ահաբեկչի իրականացրած ահաբեկչության հետևանքով, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։

 

Ականատեսների վկայությամբ՝ մահապարտ ահաբեկիչը մեքենայով մոտեցել է ոստիկանական բաժանմունքին և պայթեցրել իրեն։ Տասը ոստիկան և երեք խաղաղ բնակիչ (այդ թվում՝ մեկ երեխա) տեղում մահացել են։ Վիրավորների թիվը դեռ հայտնի չէ։

 

Սիրիական պաշտոնական լրատվամիջոցներն արդեն հաստատել են պայթյունի փաստը և դրա համար մեղադրել են «զինված ահաբեկչական խմբավորումներին», սակայն զոհերի թիվը չեն նշել։

 

Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել, սակայն հայտնի է, որ երկրում նման ահաբեկչություն իրականացնում է «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ-Կաիդայի հետ»։

 Եվս 29 մարդ զոհվել է գիշերը՝ երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում։

Ըստ տարածված տեղեկության՝ զոհվածները այն 5 գյուղերի բնակիչներ են, որոնք ենթարկվել են սիրիական կառավարական զորքի ռմբակոծությանը։