ԱՄՆ-ն լրտեսում է ողջ աշխարհին. Մադուրո

10:55 • 15.07.13

ԱՄՆ-ի հետախուզությունն էլեկտրոնային ծառայությունների և բջջային հեռախոսների միջոցով հետևում է ողջ աշխարհին, Վենեսուելայի քաղաքացիները պետք է ուշադիր լինեն։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

 

«Պետք է զգույշ լինել, քանի որ ամերիկացիները, ինչպես հաղորդել է Սնոուդենը, լրտեսում են բջջայինների և սովորական հեռախոսների, էլեկտրոնային փոստերի, Twitter-ի և Facebook-ի միջոցով, նրանք լրտեսում են ողջ աշխարհին, պարոնա՛յք, ողջ աշխարհին»,-ասել է նա։

 

Նախագահի խոսքով՝ այդ իրավիճակին պետք է ավելի քան լուրջ մոտենալ, քանի որ «խոսքը ոչ թե Ջորջ Օրուելի վեպի, այլ իրականության մասին է»։


Մադուրոն նշել է, որ Միացյալ Նահանգներն իրեն համաշխարհային կառավարություն է համարում։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով տեղեկացրել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լրտեսական գործունեության մասին, դեռ գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղ օրեր առաջ հանդիպել էր իրավապաշտպան կազմակերպությունների և ռուս փաստաբանների հետ։