ՀՀ արտգործնախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

17:07 • 15.07.13

ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հուլիսի 15-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանը և Ուկրաինան բարեկամության դարավոր ավանդույթներ ունեն և այսօր էլ հենց այդ հիմքի վրա կառուցում են միջպետական հարաբերությունները։ Կան բոլոր նախադրյալները նոր որակ հաղորդելու տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը»:

 

«Հայաստանը աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ուկրաինայի նախագահությանը և պատրաստ ենք մեր նպաստը բերելու ուկրաինական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, կնպաստենք ուկրաինական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության և կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»,- հավելել է նախարար Նալբանդյանը:

 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերի, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվող բարեփոխումների շուրջ և Ե հանգամանալից քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

 

«Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին և մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտացոլված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում 2009 թ.՝ լ՛Աքվիլայում, 2010 թ.՝ Մուսկոկայում և 2011թ.՝ Դովիլում, 2012թ.՝ Լոս Կաբոսում, 2013թ.՝ Էնիսկիլենում»,- ընդգծել է նախարարը:

 

Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ ուկրաինական նախագահությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։

 

Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում՝ բանակցությունների ընթացքում, քննարկվել են ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցությանն առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանի և Լեոնիդ Կոժարայի հանդիպմանը հետևել է համատեղ մամլո ասուլիսը։