Շիրակ Թորոսյանին ոչ ոք չի արգելել մուտք գործել Վրաստան. նա ինքը չի գնացել

10:01 • 15.07.13

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին Վրաստանին իշխանությունները չեն արգելել մուտք գործել երկիր, նա ինքը չի գնացել Վրաստան, այս մասին Tert.am-ին ասաց Շիրակ Թորոսյանը։
 

«Թյուրիմացություն է, ես նախապես հայտարարել էի, որ գնալու եմ Ջավախք՝ Ջիվանու տոնին մասնակցելու, հետո մտադրությունս փոխեցի անձնական գործերի պատճառով և, հավանաբար, ելնելով նրանից, որ նախօրոք հայտարարել էի գնալու մասին, էդպիսի տպավորություն է առաջացել, կամ մարդիկ, ովքեր չեն ուզում, որ գնամ, էդպիսի տեղեկություններ են տարածել ենթադրելով»,– ասաց նա:
 

Հիշեցնենք, որ Грузия Online-ին Ախալքալակի աղբյուրները տեղեկացրել էին, որ հուլիսի 14-ին Ախալքալաքի շրջանի Քազախ գյուղում աշուղ Ջիվանիինն նվիրված միջոցառմանը նաև պետք է ներկա գտնվեր ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, սակայն վրացական կողմը Շիրակ Թորոսյանին արգելել է երկիր մուտք գործել: Նաև նշվում էր, թե «նրան նաև ուղեկցում էին Վահագն Չախալյանը և Դավիթ Ռստակյանը, ովքեր մասնակցել են վերոնշյալ միջոցառմանը»:
 

Շիրակ Թորոսյանը հավելեց, որ այս տարվա մեջ ութ անգամ հատել է Վրաստանի սահմանը:


Ի պատասխան հարցի, թե ովքե՞ր կարող են չուզենալ, որ ինքը մուտք գործի Վրաստան, Շիրակ Թորոսյանը նկատեց.«Կարող եմ ենթադրել, որ վրացական իշխանությունների մեջ թե՛ տեղերում և թե՛ բարձրերում սաակաշվիլիական մնացորդներ մնացել են:


Հիշեցնենք, որ շուրջ չորս տարի Շիրակ Թորոսյանը Վրաստանի համար persona non grata էր, քանի որ Վրաստանի իշխանությունները նրան արգելում էին մուտք գործել Վրաստանի տարածք։

Եվ վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի իշխանության գալուց հետո պատգամավորը ԱԺ ամբիոնից շնորհակալություն էր հայտնել նրան՝ այդ հարցն արագորեն լուծելու համար և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մուտքի արգելքի հարցը մշտապես բարձրացնելու համար: