ՌԴ իշխանությունները կանացի խալաթ հագցրին ոչ թե հայ քաղաքացուն, այլ Հայաստանի իշխանություններին. ակցիա ՌԴ դեսպանատան առջև (ֆոտո)
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև բողոքի ակցիա են կազմակերպել 50-ից ավելի ՀՀ քաղաքացիներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Մոսկվայում օրերս խոշոր վթարի պատճառ դարձած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին կանացի ծաղկավոր խալաթով դատարանի դահլիճ բերելու համար:
Մասնակիցները համոզված են մի բանում. որքան էլ վարորդը մեղավոր էր, նախապես ոչ ոք իրավունք չուներ դատավճիռ հրապարակել ու այնպիսի որակումներ տալ, որով արդեն իսկ ՀՀ քաղաքացուն մեղավոր են ճանաչում:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նշեց, որ այս քայլով ՌԴ իշխանությունները կանացի խալաթ հագցրին ոչ թե հայ քաղաքացուն, այլ Հայաստանի իշխանություններին:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները դեսպանատուն են եկել «ВОДИТЕЛЬ-АРМЯНИН, ВРАЧИ-УБИЙЦЫ, ИНТЕЛЛИГЕНТ-ВРАГ НАРОДА, БЕЗРОДНЫЕ-КОСМОПОЛИТЫ. КТО СЛЕДУЮЩИЙ, ГОСПОДИН ПУТИН?», «КОНСТИТУЦИЯ РФ СТАТЬЯ 21: ПРАВО ЛЮБОЙ ЛИЧНОСТИ НА ДОСТОИНСТВО - НЕ ДЕЙСТВУЕТ ДЛЯ ВОДИТЕЛЕЙ-АРМЯН», «ХАЛАТНОЕ ПРАВОСУДИЕ РФ, ПРЕКРАТИТЕ ШОВИНИЗМ» և այլ պաստառներով:
Մասնակիցներին միացել են նաև Հրաչյա Հարությունյանի կինը, քույրը և եղբայրը:
Նշենք նաև, որ դեսպանատան առջև ստորագրահավաք է անցկացվում, որով ՌԴ-ից պահանջում են արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել ՀՀ քաղաքացու նկատմամբ: Ստորագրությունները քիչ հետո կհանձնվեն դեսպանատուն:
Լուսանկարները՝ Նիկոլայ Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից










