«Բի-Բի-Սի»-ն 5 մլն ֆունտ ստերլինգ է ծախսել մանկապղծության սկանդալը հետաքննելու համար
«Բի-Բի-Սի» բրիտանական հեռարձակող ընկերությունը հայտարարել է, որ ավելի քան 5 մլն ֆունտ ստերլինգ է ծախսել 2012-ի վերջին նախկին հեռուստահաղորդավար Ջիմի Սեվիլի շուրջ ծագած սկանդալի ներքին հետաքննության համար, ում հետմահու մեղադրել էին մանկապղծության համար: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված ֆինանսական հաշվետվության մեջ, տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Բի-Բի-Սի» ընկերությունը, ընդհանուր առմամբ, վճարել է երեք զեկույցների համար: Դրանցից երկուսի պատրաստման համար ընկերությունը ծախսել է 2.5 մլն ֆունտ ստերլինգ: Այդ փաստաթղթերը նվիրված են ընկերության աշխատակիցների փոխադարձ հարգանքի աստիճանի և ներքին կանոնադրության ուսումնասիրությանը:
Ջիմի Սեվիլն աշխատել է «Բի-Բի-Սի»-ում մի քանի տասնամյակներ: Նրա մասնակցությամբ սեռական բնույթի հանցագործությունների մասին տեղեկություններ էին տարածվել 2012-ի վերջին: Ոստիկանությունը նախկին հաղորդավարին մեղադրել էր նմանատիպ 200 դեպքի մեջ մասնակցություն ունենալու համար:










