Վահագն Չախալյանը կարող է իր թեկնածությունն առաջադրել Ախալքալաքի շրջանի ղեկավարի ընտրություններում. Грузия online

16:36 • 16.07.13

Հայ ակտիվիստ, «Ջավախք» շարժման առաջնորդներից Վահագն Չախալյանի թեկնածության հարցն Ախալքալաքի շրջանի ղեկավարի պաշտոնի համար քննարկման փուլում է։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը՝ տեղեկությունը հաստատել է նաև Չախալյանն ինքը՝ «Յուժնիե վրատա» (Южные врата) թերթին տված հարցազրույցի ընթացքում։

 

«Իմ թեկնածության առաջադրման վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։ Ինձ համար դժվար է որոշում կայացնելը։ Իմ դեպքում դա ոչ թե քայլ առաջ է, այլ հետքայլ։ Ես երբեք չեմ ձգտել պաշտոնի  և այժմ էլ չեմ ուզում։ Սակայն, եթե ես անեմ այդ քայլը, կանեմ՝ ելնելով Ջավախքում ապրող էթնիկ հայերի շահերից»,-ասել է նա։

 

Նշենք, որ Չախալյանը համարվում է Սամցխե-Ջավախքի առաջնորդներից մեկը։ 2008թ.-ին նրան մեղադրանք էր ներկայացվել զենք կրելու և օգտագործելու, հասարակական կարգը խախտելու և զանգվածային ակցիաներ կազմակերպելու հոդվածներով։ Նրան 10 տարվա ազատազրկման են դատապարտել, սակայն համաներմամբ վաղաժամ ազատ արձակել։