Հունաստանում համընդհանուր գործադուլ է

09:16 • 16.07.13

Հունաստանի պետական և մասնավոր հատվածի առաջատար ADEDY և GSEE արհմիություններն այսօր համընդհանուր գործադուլ են անցկացնում։ Այն կապված է խորհրդարանում կառավարական օրինագծերի փաթեթի քննարկման հետ, որը ենթադրում է պետական ոլորտի հազարավոր աշխատողների աշխատանքից ազատում, գրում է РИА Новости-ն։

 

Չեն աշխատի բժիշկները, համայնքային ծառայողները և ոստիկանությունը, դասախոսները, տրանսպորտային ոլորտի աշխատակիցները, չեն մեկնի գնացքները։ Գործադուլի օրը կհետաձգվի գնացքների մեկնումը մինչ օդանավակայան. հասնել այնտեղ հնարավոր կլինի ավտոբուսներով։ Ավիահաղորդակցությունը կդադարեցվի 4 ժամով՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը գործադուլ կանեն քաղավիացիայի աշխատակիցները։

 

Սովորական ռեժիմով կաշխատեն տուրիստական ավտոբուսները, մետրոն և տրամվայները։ Պետական բուժհաստատությունների բժիշկները, բացի հուլիսի 16-ի 24-ժամյա գործադուլից, պատրաստվում են գործադուլ անել նաև հուլիսի 24-ին։

 

Առավոտյան Աթենքի կենտրոնում ցույց կանցկացվի։ Բողոքի ակցիաները կշարունակվեն ողջ գիշեր, ցուցարարները պատրաստվում են շրջապատել խորհրդարանի շենքը։